ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Աշխարհիս երեսին ոչ մի բան նոր չէ

Աշխարհիս երեսին ոչ մի բան նոր չէ
19.12.2014 | 00:44

Ռուսաստանի նախագահի՝ նախօրոք լայնորեն տարփողված ամփոփիչ ասուլիսը հետևում է մնացել։ Իհարկե, ասուլիսի շատ դրույթներ ու հայտարարություններ հետագայում մանրամասնորեն կվերլուծվեն. ի վերջո, աշխարհը պետք է իմանա, թե ինչ է ասում և ինչի է պատրաստ մոլորակի ամենամեծ երկիրը։ Հարկավոր է մոռացության մատնել նրանց, ովքեր դեռ մինչև 2014 թվականը ակտիվորեն և հետևողականորեն խաբում էին Հայաստանի հասարակությանը, թե իբր, «աշխարհում ոչինչ Ռուսաստանից կախված չէ»։ Պարզվում է, մինչև հիմա էլ կախված է։ Եվ ահա ապացույց. դեռ նոր էր սկսել Վլադիմիր Պուտինը պատասխանել լրատվամիջոցների հարցերին, երբ ամերիկյան դոլարի ու եվրոյի փոխարժեքները համերաշխորեն սահուն վար սահեցին։ Թեև, կարծես թե, դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահը ոչ մի նոր բան այդպես էլ չասաց, եթե չհաշվենք Սոչին ոչ միայն տաղանդավոր պատանի մարզիկների, այլև պատանի ֆիզիկոսների, պատանի մաթեմատիկոսների, պատանի երաժիշտների ուսումնառության կենտրոնի վերածելու վերաբերյալ նրա «գաղտնի հղացումը»:
Դե, Ռուսաստանի երեխաների բախտը բերում է։ Երանի՜ Հայաստանի տաղանդավոր երեխաների համար էլ մեր երկրում հնարավորություններ ստեղծվեին, նրանք էլ արժանանային նախագահի լուրջ ուշադրությանը։ Սակայն ով է ասել, որ միայն վատ օրինակները պետք է վարակիչ լինեն և տարածվեն լույսի արագությամբ։ Պուտինն ակնբախորեն օրինակ է ցույց տալիս բոլորին. հոգ տարեք ձեր հանճարեղ երեխաների մասին, եթե չեք ուզում, որ հետո նրանց ձեզնից «խլեն», այսպես կոչված, «աշխարհի առաջատար ժողովրդավարները»։ Իսկ «հերոսուհի մայր» պատվավոր կոչումը վերականգնելու որոշումն անուղղակիորեն խրախուսում է ծնունդը։ Մեր Հայաստանին էլ, ի դեպ, շատ է պետք, որ ոչ միայն հանրային բարոյախոսությունը, այլև պետությունը հարգի մայրությունը, առավել ևս, օժտված երեխաների մայրերին։ Եվ այդ հարգանքը լինի ոչ թե դատարկ խոսքով ու ճառերով։ «Աջակցություն ընտանիքներին, աջակցությունը բազմազավակ ընտանիքներին, աջակցությունն այն կանանց, ովքեր որոշել են երեխաներ ունենալ, երկրորդ, հաջորդ, կամ, ասենք, առաջին երեխան, կարևոր չէ, սա կարևոր հարց է, սա վերաբերում է թե՛ նյութական բաղադրիչին, թե՛ բարոյական։ Ես, իհարկե, պատրաստ կլինեմ պաշտպանելու այն ամենը, ինչ կապված է ընտանիքին, մայրությանն ու մանկությանը աջակցելու հետ»։
Սակայն, անկասկած, հարցերի նրա պատասխաններում կային նաև բավական կարևոր կետեր։ Շատ տպավորիչ է, երբ Ռուսաստանի նախագահը, իրոք, իրազեկ է այն ամենին, ինչ տեղի է ունենում իր երկրում։ Ես հիմա խոսում եմ ռուսական բորսաներում ռուսական ռուբլու և արտարժույթների փոխարժեքների հարաբերակցության շուրջ տեղի ունեցող սպեկուլյատիվ խաղերի մասին։ Հետաքրքիր է, Հայաստանի նախագահը որքան է իրազեկ արտարժույթների փոխարժեքների նկատմամբ դրամի փոխարժեքի հարաբերության հետ կապված սպեկուլյատիվ քաշքշուկին, որը շարունակում է ահուսարսափի մեջ պահել մեր երկրի շարքային քաղաքացուն։ Ընդ որում, Պուտինը «համ էլ վախկոտ չէ», մտադիր չէ դեմքը թաքցնել։ «Երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատվությունը միշտ էլ ընկած է պետության ղեկավարի ուսերին, իսկ հետո՝ սանդղակով դեպի վար։ Այդ պատասխանատվությունից ես երբեք չեմ խուսափել և մտադիր էլ չեմ»,- ավելացրեց Պուտինը։ Ահա և նրա «բաղադրատոմսը». «Ընդհանուր առմամբ պետք է բարձրացվի ՌԴ Կենտրոնական բանկի և կառավարության աշխատակիցների անձնական պատասխանատվությունը իրենց վստահված բոլոր տեղամասերում աշխատանքի արդյունքների նկատմամբ»: Դառնանք մեզ. մենք Հայաստանում նույնպես մեր պետության ղեկավարից գոնե դրան փոքր-ինչ նման բան ենք սպասում, ի վերջո, «քթներիս տակ է» Նոր տարին, և բավական է սղոցենք սեփական ժողովրդի նյարդերն ու փորձենք համբերությունը: Գոնե Պուտինի օրինակով բացահայտորեն իր վրա վերցներ պատասխանատվությունը:
Այնուհետև. այսպիսով՝ ԱՄՆ-ի հասցեին ուղղված մեղադրանքները հաստատված են: Հենց ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրում մոլորակում իրադրության սրման համար, և հենց ԱՄՆ-ից է ժամանակակից Ռուսաստանը սպառնալիքներ սպասում, այդ թվում` ռազմական բնույթի: ՌԴ նախագահը նույնիսկ անտեսեց ՆԱՏՕ-ի դաշինքի գոյությունը. պարզ ասաց, որ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության գրեթե բոլոր որոշումները թելադրվում են հենց Վաշինգտոնից: Երևի դա ակնարկ էր, որ եվրոպացիները սկսեին վերջապես ինքնուրույն կողմնորոշվել. կա՛մ նրանք իրոք ինքնիշխան երկրներ ու ազգեր են, կա՛մ Ամերիկայի ստրուկներ: Երբ Պուտինը խոսում էր ռազմավարության և աշխարհաքաղաքականության մասին, նկատելի էր, թե ինչքան վստահ էր նա իր և սեփական «թիմի» ուժերին, ՌԴ զինված ուժերի հնարավորություններին, կցանկանար, ինչպես ասում են` պարծենալ նրանց մարտունակությամբ, բայց «փոշմանեց»: Նա նույնքան համոզված է, որ 2014 թվականին դեռ վաղ է «մտածել» 2018 թվականի նախագահական ընտրությունների մասին, բայց էլ ավելի համոզված է, որ ոչ ոքի չի հաջողվի անել ո՛չ «պալատական», ո՛չ էլ այլ «կուլիսային» հեղաշրջում. «Կրեմլը հուսալիորեն պահպանվում է»: Բանակն ու ուժայինները վստահելի են իրենց Գերագույն գլխավոր հրամանատարի հետ մեկտեղ: Հարցերի այդ նույն «բլոկում» է նաև ՈՒկրաինան, ինչպես նաև Արևմուտքից Արևելք ածխաջրածինների մատակարարումների «վերակողմնորոշման» հարցը: Ով ուզում է` համագործակցություն կլինի, Ռուսաստանը պատրաստ է, իսկ ով չի ուզում... Բնական գազի վերաբերյալ խրթին հարցերը Պուտինը հանգամանորեն պարզաբանեց, բայց... առանց հիշատակելու Բուլղարիան. նրա մասին միայն անուղղակի ակնարկ հնչեց մեկ այլ հարցի պատասխանում. «Այն երկրները, որտեղ սլավոնական ժողովուրդներ են ապրում, գտնվում են խիստ կախյալ վիճակում, ուստի և ենթարկվում են ճնշման»: Բայց դրանից թող դաս քաղեն առհասարակ բոլոր այն երկրները, որոնք շողոքորթում են ԱՄՆ-ին և սպասում «վարժեցնողի նոր հրահանգներին», ինչպիսիք են Էստոնիան և այլ երկրներ:
Բայց ափսոս, որ դահլիճում չկային հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Թեև հնարավոր է նաև, որ կային, պարզապես նրանց հարցերին հերթ չհասավ, բայց չէ՞ որ «հերթը հասավ» Թուրքիայի և Վրաստանի ներկայացուցիչներին: Ահա Թուրքիայի ներկայացուցչի հարցին տրված պատասխանը, մասնակի մեջբերում եմ անում. «Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի բազմաթիվ զուգադիպող տարածաշրջանային շահեր: Ավելին, առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության շատ հարցեր չեն կարող լուծվել, և մենք կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»: Հա, բայց ի՞նչ է նկատի առնվում: Պուտինը ուրիշներից լավ գիտի, որ Մոսկվայի և Անկարայի շահերը բավական հաճախ զուգադիպել և բախվել են Հայկական հարցի շուրջ: Իսկ Թուրքիայի «մեկնաբանությամբ»` նաև Արցախյան հարցի շուրջ: Ես Պուտինին չեմ հավատում այս պատասխանի առնչությամբ. եթե մինչև 2014 թվականը Հայաստանի և Արցախի հետ կապված որևէ հարց լուծելիս Ռուսաստանը պետք չէր Թուրքիային, ապա 2015-ին ոչ մի անկողմնակալ մարդ որևէ նախադրյալ չի տեսնի, որ Ռուսաստանը չկարողանար յոլա գնալ առանց Թուրքիայի «ակտիվ մասնակցության»: Մյուս կողմից` ահա մի հատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասին Վրաստանի ներկայացուցչի հարցին տրված պատասխանից. «Մենք ճանաչել ենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Հարկավոր է հաշվի նստել իրողությունների հետ»: Եվ Թբիլիսիին կոչ արեց ուղղակի բանակցությունների մեջ մտնել այդ պետությունների իշխանությունների հետ: Այո, անուղղակիորեն դա նաև պատասխան է Արցախի հարցի վերաբերյալ Անկարայում և Բաքվում հնարավոր «իրարանցումներին»: Բայց... Անուղղակիորեն չի նշանակում ուղղակի, իսկ Հայաստանին ու Արցախին հաստատ հենց ուղղակի պատասխան է պետք, ի վերջո Ռուսաստանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, և ոչ թե Թուրքիան: Եվ կարծես ռուս-հայկական հարաբերությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդության շրջանակներում Մոսկվան լիովին «գլուխ է հանում» գործից, «առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության»: Այնպես որ, այս ոլորտում դեռ ճշգրտելու շատ բան կա. եթե խոսքը միայն Մերձավոր Արևելքի մասին է, ապա դա մի ձևաչափն է։ Իսկ եթե նաև Կովկասի մասին, առավել ևս Հարավային Կովկասի, ապա…


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ